Կայացել է հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության պատվիրակության հետ
24 Սեպտեմբեր, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Հակոբ Ավագյանը և Ալբերտ Բաբայանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության պատվիրակության հետ՝ ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեին Սամիի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության այլ պաշտոնատար անձինք, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան, ԱՄՀ առաքելության, ԱՄՀ Հայաստանի գրասենյակի և նախարարության պատասխանատու աշխատակիցներ։

Ողջունելով հյուրերին, նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում չափազանց կարևորում են ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը և հատկապես տնտեսության մեջ իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող գործուն աջակցությունը։

Հանդիպման ընթացքում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալները ներկայացրել են գործարար միջավայրի բարելավման, հարկային օրենսդրության փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի և ներառական աճի խթանման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը ներկայացրել է Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների նախորդ տարվա ծրագրի ձեռքբերումները և անդրադաձել 2018 թվականի ծրագրին ու նախատեսվող միջոցառումներին։

Որպես կարևոր ձեռքբերում նախարարի տեղակալը նշել է բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի վերանայված փաթեթը, որը հավանության է արժանացել կառավարության կողմից։ Նա նաև նշել է, որ մեծ աշխատանք է տարվել պայմանագրերի կիրարկման, սնանկության մասին օրենքի փոփոխման ուղղությամբ։ Երկուստեք կարևորվել են նաև իրականացված իրազեկման աշխատանքները և շեշտվել է, որ դրանք պետք է շարունակական բնույթ կրեն։

Նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը տեղեկացրել է բիզնես շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքի մասին, ապա մանրամասն ներկայացրել հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նախարարության մոտեցումներն ու տեսակետը։ Նշելով, որ նախարարության համար առաջնահերթ է փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրների լուծումը Հարկային օրենսգրքի փոփոխությունների շրջանակում, Հակոբ Ավագյանն անդրադարձել է Երևանում և մարզերում ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարության կողմից կազմակերպված հանդիպումներին, որոնց ընթացքում վեր են հանվել հիմնական խնդիրները։ Փոխնախարարը նաև ներկայացրել է հարկային քաղաքականության բարեփոխումների, մասնավորապես շրջանառության հարկի շեմի վերաբերյալ նախարարության առաջարկությունները։ Նա նշել է, որ հարկային քաղաքականությունը պետք է լինի ճկուն և պետք է հաշվի առնվեն բիզնեսի բոլոր շերտերի, հատկապես ՓՄՁ-ների առանձնահատկությունները, և պետք է մշակվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն կոռուպցիոն որևէ հնարավորություն, հատկապես, որ դրա համար այսօր կա հավատ, քաղաքական կամք և ձգտում։

ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեին Սամիին իր հերթին ևս կարևորել է ԱՄՀ-ի և Հայաստանի Հանրապետության արդյունավետ համագործակցությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ աշխատանքը և պատրաստակամություն է հայտնել աջակցելու տնտեսության բնագավառում արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու կառավարության նախաձեռնություններին։