Արծվիկ Մինասյանը մասնակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի հետ հանդիպմանը
26 Սեպտեմբեր, 2018

Սեպտեմբերի 25-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հանդիպում են ունեցել Հայաստանում գտնվող Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամների հետ։

Հանդիպման նպատակն էր Հայաստան-ՎԶԵԲ գործընկերության նոր ռազմավարության և առաջիկա տարիներին Հայաստանի գերակայությունների և ֆինանսավորման ուղղությունների քննարկումը։

Նախարար Մինասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել տարիների ընթացքում շարունակական համագործակցության համար՝ նշելով, որ Հայաստանի տնտեսության մեջ բավականին մեծ հաջողություններ են արձանագրվել նաև ՎԶԵԲ-ի հետ համագործակցության արդյունքում։ Նախարարը միաժամանակ ավելացրել է, որ այսօր անհրաժեշտություն է առաջացել վերաարժեվորելու անցած ուղին և ունենալու Հայաստանի տնտեսական զարգացման նոր ռազմավարություն՝ հիմնված ոչ միայն մրցակցային առավելությունների վրա, այլ նաև այն հնարավորությունների իրացման, որոնք տարիների ընթացքում կամ չեն եղել, կամ թերի են իրականացվել։

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության կառուցվածքին, նշել, որ անհրաժեշտ է ունենալ բարձր արտադրողականություն ունեցող արդյունաբերություն, ծառայությունների արդիական համակարգ, անցում կատարել սոցիալական գյուղատնտեսությունից արդյունաբերական գյուղատնտեսության և այլն։ Նա ընդգծել է, որ այս և բազմաթիվ այլ ուղղություններ ներկայումս քննարկվում են Հայաստանի տնտեսական զարգացման նոր ռազմավարության մշակման շրջանակներում:

«Տնտեսության ոլորտի մարտահրավերները, քաղաքական նոր իրողությունները, իրականացվող հակակոռուպցիոն հստակ քաղաքականությունը, արդար դատական համակարգ ունենալու կամքը իրական հիմքեր են տալիս, որպեսզի մենք համարձակ փոփոխություններ իրականացնենք թե օրենսդրական, թե կիրառական մասով և ունենաք տնտեսության զարգացման նոր ռազմավարություն», - նշել է նախարարը։

Արծվիկ Մինասյանը նաև անդրադարձել է նախարարության նախաձեռնություններին՝ օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքի մշակման, Հայաստանում գործարար հաշտարարի ինստիտուտի, պետություն-մասնավոր հատված օրենսդրության ընդունման, մարդկային կապիտալի օգտագործման, աշխատաշուկայի և կրթության միջև կապի ապահովման և մի շարք այլ ուղղություններով։

Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությանը, պարտքի կառավարման խնդիրներին, տնտեսական աճի կանխատեսումներին և հարկային օրենսգրքի բարեփոխումներին։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՎԶԵԲ պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը նոր զարգացումներին և Կառավարության նոր տնտեսական զարգացման ռազմավարությանը համահունչ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև էներգետիկ ոլորտին, հանքարդյունաբերությանը, տրանսպորտային նախագծերին և բազմաթիվ այլ հարցերի։

 


+