Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի կազմում գործարար համայնքի ներկայացուցիչ ընդգրկելու վերաբերյալ հայտարարություն
5 Հոկտեմբեր, 2018
հոդված
Կցված Ֆայլեր

Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կազմում գործարար համայնքի ներկայացուցիչ ընդգրկելու նպատակով հայտարարվում է հայտերի ընդունման մեկնարկ: Խորհրդի ստեղծման նպատակներն են պետական և մասնավոր հատվածների երկխոսության միջոցով փոքր և միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի զարգացմանը նպաստելը, ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության իրականացման համար առկա խոչընդոտները բացահայտելը և դրանց վերացման համար արդյունավետ լուծումներ առաջարկելը:

Խորհրդի կազմն ու աշխատակարգը սահմանված է ՀՀ վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի «ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 638-Ն որոշմամբ, որում կատարել են փոփոխություններ համաձայն ՀՀ վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի N 1281-Ն որոշման:

1. Խորհրդի կազմում որպես գործարար համայնքի ներկայացուցիչ ընդգրկվելու համար հայտ կարող են ներկայացնել գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները և առևտրաարդյունաբերական պալատները․

1) որոնք ներկայացնում են 50-ից ոչ պակաս անդամների կամ շահառուների շահերը.

2) որոնց անդամների 2/3-ը կամ նրանց անդամներ կամ շահառուներ հանդիսացող միավորումների 2/3-ը գերփոքր և փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներ են` «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով.

3) նվազագույնը երեք տարվա գործունեության պատմություն ունեն:

Մասնավոր հատվածից կընտրվի առավելագույնը յոթ ներկայացուցիչ, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր կառույցից մեկ ներկայացուցիչ, որոնք խորհրդի կազմում ընդգրկվում են երկու տարի ժամկետով, ռոտացիոն կարգով:

2. Խորհրդի կազմում ընդգրկվելու հայտի հետ միասին գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները և առևտրաարդյունաբերական պալատները հայտին կից ներկայացնում են

• պետական գրանցման վկայական

• կանոնադրություն

• 1-ին կետում նշված փաստերը հիմնավորող փաստաթղթեր

• գործարար միավորումը պետք է ներկայացնի նաև առաջարկություն` իր կողմից Խորհրդի քարտուղարությանը տրամադրվելիք աջակցության մասին:

• միջազգային կազմակերպությունները Խորհրդի կազմում ընդգրկվելու հայտին կից ներկայացնում են նաև համապատասխան տեխնիկական աջակցության տեսակը և համառոտագիրը

ՀՀ վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի «ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 638-Ն որոշման համաձայն, որոշմամբ հաստատված խորհրդի անդամները և մասնավոր հատվածից՝ որպես խորհրդի անդամ ընտրված ներկայացուցիչները հանդիսանում են նաև խորհրդին կից գործող ենթախորհրդի անդամներ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 12.10.2018թ.

Հայտի ձևանմուշը կից ֆայլերում։

Հայտերը կարող են ներկայացվել korgevorgyan@mineconomy.am; hrhovhannisyan@mineconomy.am էլ. հասցեններով: Հարցերի դեպքում դիմել +374 11 597 136 հեռախոսահամարով: