Հոկտեմբերի 5-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Ավագ Ավանեսյանը, նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք, «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեններ Եվանգելոս Քրիսաֆիդիսը և Ջորջ Ռանդելովը, հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Դիանա Ղազարյանը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է 2011թ. Հայաստանում հիմնված Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հաջող գործունեությունը` առաջարկելով դիտարկել նաև կարողությունների զարգացման համատեղ նոր նախաձեռնությունների /այդ թվում` փոքր և միջին ձեռնարկությունների համար կրթական ծրագրերի/ իրականացման հնարավորությունը:
Ընկերության ներկայացուցիչներին տեղեկատվություն է ներկայացվել նաև Հայաստանում ազգային բիզնես ինկուբատորի ստեղծման ծրագրի վերաբերյալ` առաջարկելով հետագայում քննարկել ծրագրի շրջանակում համագործակցության ուղիները:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները` համագործակցությանն ուղղված հետագա քայլերի ու ձևաչափերի նախանշման նպատակով: