Հոկտեմբերի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանն ընդունել է «Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին չինական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք։
Չինական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, առանձնացրել Հայաստանում իրենց հետաքրքրությունների շրջանակը և նշել, որ կարող են համագործակցել թեյի արտադրության, գինու արտադրության բնագավառում, տեքստիլ արդյունաբերության, շինանյութերի և հանքանյութերի ոլորտներում։ Նրանք նաև նշել են, որ շատ տպավորված են հայկական գինիներով, հատկապես նռան գինիով, կարող են և ցանկանում են ավելի շատ գինի ներկրել Չինաստան, նաև մտադրություն ունեն Չինաստանում հիմնելու գինու գործարան և արտադրելու նռան գինի։
«Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույը նաև տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է Չինաստանում Հայաստանի դեսպանության հետ և ավելացրել, որ Հայաստան իրենց այս այցը ևս արդ համագործակցության արդյունքներից մեկն է։
Ողջունելով հյուրերին Հակոբ Ավագյանը նշել է, որ կարևորում է հայ-չինական համագործակցությունը, ավելացրել, որ գործակցության հնարավոր ոլորտները շատ-շատ են։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը անում է հնարավորինս, որ հայ արտադրողն իրեն լավ զգա Հայաստանում, իրականացնում է մի շարք բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան հայ արտադրողին, հատկապես տեքստիլի արտադրության մեջ ունենալ ինքնարժեքից ավելի ցածր, բայց մրցունակ արտադրանք։ Այս համատեքստում փոխնախարարն առաջարկել է քննարկել համատեղ ընկերությունների հիմնման հնարավորությունները, որոնք կգործեն չինական կողմից հումք, հայկական կողմից արտադրություն սկզբունքով։ Հ․ Ավագյանը նաև նշել է, որ թեյի, գինու արտադրության, շինանյութերի և հանքանյութերի բնագավառներում ևս համագործակցության լայն հնարավորություններ կան։
«Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույը նշել է նաև, որ հետաքրքրված են Հայաստանում լոգիստիկ կենտրոն հիմնելու հնարավորություններով։
Հակոբ Ավագյանը կարևորելով լոգիստիկ կենտրոնների գործունեությունը՝ հավաստիացրել է, որ արված առաջարկությունները կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում և կարվի հնարավորինս հաջողության հասնելու համար։
Երկուստեք կարևորվել է տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, Հայաստանի և Չինաստանի նույն բնագավառներում գործող ընկերությունների միջև կապերի հաստատումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնել կոնկրետ առաջարկություններ և առաջ շարժվել արդեն կոնկրետ նշված կետերով։