Մանե Ադամյանն ընդունել է ISB ընկերության ներկայացուցչին
19 Հոկտեմբեր, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Մանե Ադամյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է ISB ընկերության ներկայացուցիչ Գևորգ Թորոսյանին՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ծրագրի ղեկավար. գտտկ տնօրեն Ամալյա Եղոյանի ուղեկցությամբ։

Օրեր առաջ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած տնտեսական ֆորումից տպավորված, ISB ընկերության ներկայացուցիչ, կանադահայ Գևորգ Թորոսյանը հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրում անելու և ISB հետազոտական կենտրոն հիմնելու իր մտադրության մասին (ISB ընկերությունը գործում է 1972 թվականից և առաջատար դիրք է գրավում էլեկտրոնային անվտանգության և ավտոմատացման արտադրանքների, մետաղի դրոշմման և արտադրության մեջ):

Հանդիպման ընթացքում Գևորգ Թորոսյանը գոհունակությամբ տեղեկացրել է Մանե Ադամյանին, որ ֆրանկոֆոնիայի միջոցառման շնորհիվ բազում գործարարներ հետաքրքրված են Հայաստանով, հատկապես տեխնոլոգիաների ոլորտով։ Նա նշել է, որ այցելել է Ինժեներական քաղաք, ծանոթացել այնտեղ գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների գործունեությանը, համատեղ քննարկել Հայաստանում բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչի արդյունքում որոշվել է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ մասնաճյուղ հիմնել Երևանում։

- Չափազանց տպավորված եմ ինժեներական աշխատանքով և շատ առաջադեմ մտքերով, ինչպես նաև խանդավառված եմ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով, - ասել է Գևորգ Թորոսյանը։

Մանե Ադամյանն իր հերթին գոհունակություն հայտնելով Գևորգ Թորոսյանի՝ Հայաստանում ներդրում անելու և գործունեություն ծավալելու մտադրության առիթով, շեշտել է, որ իաինովացիոն ոլորտը Հայաստանի կառավարության գերակայություններից է և որ բարձր տեխնոլոգիական ներուժով Հայաստանն առանձնացել է դեռևս Խորհրդային միության ժամանակաշրջանում։

- Ֆրանկոֆոնիայի կոնցեպտը կազմելիս, բոլորիս համար պարզ էր, որ սկզբից մինչև վերջ առանցքում պետք է լինի ինովցիան։ Ձեր օգնությամբ Հայաստանը դարձնելու ենք ինովացիոն կենտրոն, - ամփոփել է Մանե Ադամյանը։

Նա համառոտ ներկայացրել է հյուրին Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների առավելությունները, Հայաստանից ԵԱՏՄ, ԵՄ, Իրանի և այլ շուկաներ արտահանման հնարավորությունները, Հայաստանի կառավարության աջակցման գործիքները գործարար նախաձեռնություններին, նաև հայտնել նախարարության պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու համապատասխան օժանդակություն։