Հայկական 10 ընկերություններ մասնակցում են ProWine China 2018 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին
14 Նոյեմբեր, 2018

Նոյեմբերի 13-ին Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկել է միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը՝ ProWine China 2018-ը: Հայկական գինի և թունդ ոգելից խմիչքներ արտադրող ընկերությունները, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, արդեն երկրորդ անգամ մասնակցում են միջազգային հեղինակավոր այս ցուցահանդեսին: Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության աշխատանքներին աջակցել է Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հահաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով այցելել է Հայաստանի տաղավար, հանդիպել ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հայաստանի դեսպանը նշել է, որ կարևորում է նման նշանակալից նախաձեռնությունները և հավելել, որ դեսպանությունը միշտ պատրաստ է աջակցել ծրագրերի, որոնք միտված են մեր տնտեսության զարգացմանը:

Հայկական 10 ընկերություններ ProWine China 2018-ին մասնակցում են մեկ միասնական տաղավարով. Հայաստանի տաղավարում ներկայացված են խաղողի տեղական և տեղածին տեսակներից պատրաստված գինիներ, այդ թվում՝ մրգային, մասնավորապես նռան գինին, ինչպես նաև խաղողի և այլ մրգերի հումքով պատրաստված ալկոհոյալին խմիչքներ:

Prowine China ցուցահանդեսն այցելում են ավելի քան 15 հազար գնորդներ, ներմուծում և արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 40 երկրներից, և նման ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերությունների համար նոր գործընկերներ գտնելու, նոր շուկաներ դուրս գալու ևս մեկ հիանալի հնարավորություն է:


+