Տիգրան Խաչատրյանն ընդունել է Չեխիայի դեսպանին
11 Փետրվար, 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային։

Դեսպանը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նախարար նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել և ընդգծել, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերելու այն բոլոր հարցերում, որտեղ կզգացվի օժանդակության կարիքը։

Կողմերը քննարկել են հայ-չեխական առևտրաշրջանառության ծավալները, ոգևորիչ համարել աճի դինամիկան՝ քննարկելով նաև Հայաստանից Չեխիա արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել նաև Չեխիայում կայանալիք Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված տնտեսական համագործակցության և գործարար հնարավորությունների համաժողովի վերաբերյալ։

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Չեխիայի դեսպանն անդրադարձել են տնտեսության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցությունը և ներդրումների ներգրավումը։ Նախարար Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրով նախատեսվող այն դրույթները, որոնք մեր երկրում բիզնես գործունեությունը կդարձնեն առավել գրավիչ, կբարձրացնեն մրցունակությունը։