Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ քննարկվել է Կառավարության ծրագիրը
15 Փետրվար, 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հոսեին Սամիի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելությանը։ Հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի քննարկումն էր։

ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքվել են կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման մարտահրավերներում ՀՀ կառավարության տեսլականով և այդ ոլորտներում նախարարությունների գործառութային բաժանման հարցով:

Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամը հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը ծրագրում ընդգրկված տնտեսական աճի ներառականության ապահովման գործում։

Տիգրան Խաչատրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է իրենց հետաքրքրող հարցերի շրջանակը, մասնավորապես՝ հստակեցրել նախարարության կոնկրետ անելիքները վերը նշված ոլորտներում, անդրադառձել նաև գործարար միջավայրի բարելավմանը միտված առաջիկա քայլերին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ըստ ՀՀ կառավարության կողմից մշակվելիք առաջնահերթությունների ցանկի:

 


+