Մարտի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության ոլորտի նախարարների հանդիպումը, որին մասնակցել են Միության բոլոր երկրների կառավարությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները։
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են տնտեսության գերակա ոլորտներում ներմուծման փոխարինման իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու ԵԱՏՄ երկրների կոնկրետ առաջարկներն այն ապրանքների փոխարինման մասով, որոնք Ռուսաստանը ներկրում է երրորդ երկրներից։
Քննարկվել է անդամ երկրների հնարավոր մասնակցությունը Ռուսաստանում մշակված արդյունաբերության ոլորտում պետական տեղեկատվական համակարգին, ինչպես նաև անդրադարձ է եղել ԵԱՏՄ-ում միասնական արդյունաբերական քաղաքականության ձևավորման հեռանկարներին։
Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև որոշ ապրանքների մասով միանական եվրասիական բրենդի ստեղծման հնարավորությունների վերաբերյալ՝ դեպի երրորդ երկրներ ավելի արդյունավետ արտահանում իրականացնելու նպատակով։