Մանե Ադամյանն ընդունել է Իոաննիս Բրախոսի գլխավորած պատվիրակությանը
21 Մարտ, 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը մարտի 20-ին ընդունել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով Գլխավոր քարտուղար Իոաննիս Բրախոսի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, ինչի համար առկա է մեծ ներուժ: Այս համատեքստում ընդգծվել է հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության անհրաժեշտությունը և առաջարկվել է հերթական նիստն անցակցնել Երևանում։

Կողմերը նշել են, որ հայ-հունական հարաբերությունները զարգանում են երկու ժողովուրդների հնագույն ժամանակներից եկող բարեկամության ամուր հիմքի վրա, որն էլ ավելի կամրապնդվի երկկողմ փոխայցելությունների շնորհիվ: Կողմերը հեռանկարային են համարել փոխգործակցության ընդլայնումը տնտեսության մի շարք ոլորտներում:

Նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես կապող կամրջի հնարավորությունները՝ ԵՄ-ԵԱՏՄ-ԻԻՀ-Մերձավոր Արևելք տնտեսական հարաբերությունները կազմակերպելիս, ինչպես նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիների պայմանները։

Հանդիպման ավարտին, կարևորելով քննարկված թեմաները՝ կողմերը պայմանավորվել են հայ-հունական տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել՝ միմյանց ներկայացնելով հստակ առաջարկություններ։