Ներդրումային ցուցահանդեսի կազմակերպում
Կազմակերպչին ներկայացվող պահանջները
ՀՀ տնտեսական զրագացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է Dubai 2020 ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպչական աշխատանքներն իրականացնող օպերատորի մրցույթ։
Օպերատորի պարտականությունները
I. Հայաստանի մասնակցության համապատասխան կոնցեպտի մշակում՝ համաձայն ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթություններին։ Կոնցեպտը Հայաստանի մասնակցության brandbook-ի հիմք է ծառայելու և ուղղորդելու է համապատասխան տեղեկատվական նյութերն ու միջոցառումները ամբողջ ցուցահանդեսի ընթացքում։ Կազմակերպությունը պետք է համագործակցի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ցուցահանդեսին առնչվող բոլոր որոշումներում, օրինակ՝ տնտեսության գերակա ճյուղերի ընտրության և ներկայացման հարցում,
II. Միջոցառման վեցամսյա մանրակրկիտ ծրագրի մշակում և իրականացում, այդ թվում՝ Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառման նախագծում և կազմակերպում,
III. Սահմանված բյուջեի սահմաններում ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտ գործողությունների պլանավորում և իրականացում,
IV. Ցուցահանդեսի տարածքի վարձակալության, շինարարության, դիզայնի, ձևավորման և լոգիստիկ այլ խնդիրների հետ կապված բոլոր գործընթացների համակարգում,
V. Անհրաժեշտ երկխոսության ապահովում բոլոր շահագրգիռ կողմերի հետ,
VI. Միջոցառման կազմակերպման գործընթացի շարունակական համապատասխանեցում կառավարության նպատակներին և խնդիրներին,
VII. Հայաստանի ներդրումային և զբոսաշրջային գրավչության պատշաճ ներկայացման ապահովում,
VIII. Dubai 2020-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ իրազեկման, մարքեթինգային միջոցառումներ և արշավներ՝ միտված Հայաստանի տաղավարի բարձր տեսանելիությանը և այցելուների ներգրավմանը,
IX. Ծրագրի առաջընթացի վերաբերյալ հայերեն և անգլերեն զեկույցների կազմում ամենամսյա պարբերականությամբ։ Կառավարությանը ներկայացվող զեկույցները պետք է կազմվեն թե՛ նախապատրաստական և թե՛ իրականացման փուլերի ընթացքում:
Կազմակերպությանը ներկայացվող պահանջները
Ընկերությունը/կոնսորցիումը կամ ընկերության աշխատակիցներից առնվազն 3-ը պետք է ունենան առնվազն 5 տարվա փորձ հետևյալ աշխատանքներում.
• Հայաստան բրենդի ներկայացում միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների ժամանակ
• մարքեթինգային արշավների կազմակերպում, աշխատանք մեդիա ոլորտում
• միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և Expo Dubai 2020-ին համանման այլ միջոցառումների կազմակերպում
• ընկերության/կոնսորցիումի կողմից Հայաստանի համար նշանակալի իրադարձության համաշխարհային ճանաչելիությանն ուղղված ոչ պակաս, քան 1 խորհրդանիշի կամ ապրանքանիշի ստեղծման փորձ:
Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, արաբերենի իմացությունը առավելություն է:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
• վերոնշյալ պահանջների բավարարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր՝ լուսանկարների, տեսագրությունների և այլ ձևաչափերի տեսքով,
• կազմակերպության ղեկավարի և աշխատակիցներից առնվազն 3-ի ինքնակենսագրությունները,
• ուղեկցող նամակ Dubai 2020-ին Հայաստանի մասնակցության կոնցեպտի նախնական առաջարկով
Մեծածավալ file-երի պարագայում դիմումատուն կարող է օգտագործել ամպային հավելվածներ (google drive, dropbox, wetransfer և այլն)։
Դիմումները պետք է ներկայացնել expo@mineconomy.am էլ հասցեով մինչև ս․թ․ մայիսի 10-ը։