Մայիսի 23-ին, Երևանում անցկացվեց Շվեյցարիայի ճամփորդական լրագրողների ասոցիացիայի ընդհանուր ժողովը՝ ղեկավար խորհրդի մասնակցությամբ։ Պատվիրակությունը գլխավորում էր ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտը։ Ասոցիացիան միավորում է շվեյցարական մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների, յուրաքանչյուր տարի ընդհանուր ժողովն ացկացվում է որևէ երկրում։
Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ այս տարի այն անցկացվեց Հայաստանում։
Միջոցառմանը մասնակցում էին Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։
Հայաստան այցի շրջանակներում ճամփորդական լրագրողների ասոցիացիայի 16 ներկայացուցիչներ՝ ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտի գլխավորությամբ, շուրջ մեկ շաբաթ՝ խմբերի բաժանվելով, շրջագայելու են Երևանի և Հայաստանի մարզերի տեսարժան վայրերում, ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ՝ Հայաստանից ստացած իրենց տպավորությունները, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները շվեյցարական ԶԼՄ-ներով ներկայացնելու նպատակով։
Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ «Հայ-շվեյցարական տնտեսական հարաբերություններում զարգացման մեծ ներուժ ունեցող ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է։ Շվեյցարացիները շատ են ճամփորդում, իսկ Հայաստանում կա շատ լուրջ զբոսաշրջային պոտենցիալ։ Հայաստանը հետաքրքիր է շվեյցարացիների համար, որովհետև շվեյցարացի տուրիստին շքեղ հյուրանոցներով և լողափներով, ծովափնյա հանգստով չես զարմացնի․ իրենց ավելի շատ հետաքրքրում են յուրահատուկ երկրները։ Հայաստանը հետաքրքիր է իր պատմամշակութային ժառանգությամբ, հետաքրքիր է իր քրիստոնեական ժառանգությամբ, որպես առաջին քրիստոնյա երկիր, հետաքրքիր է որպես երկիր, որտեղ կարող են իրականացնել արշավներ և այլն։ Հայաստանն իրենց համար յուրահատուկ, դեռևս չբացահայտված ուղղություն է, իսկ նմանատիպ միջոցառումները Հայաստանում անցկացնելը ևս մեկ հնարավորություն է զբոսաշրջիկներին Հայաստանի մասին տեղեկատվություն տրամադրելու»։
Ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտն իր հերթին նշեց․ «Ինքս շատ եմ ճամփորդել, տարբեր երկրներում եմ եղել, բայց Հայաստանի մասին երբեք չէի լսել: Նախորդ տարի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո սիրահարվեցի Հայաստանին, որոշեցի ուսումնասիրել Հայաստանը և հասկացա, որ պետք է անպայման այցելեմ ձեր երկիր, Հայաստանն այն երկրներից է, որն ունի խիղճ և հոգի և դրանով է գրավիչ․ մենք դա ենք ներկայացնելու շվեյցարացիներին»։
Ավելացնելով, որ իրենք պարբերաբար նման բնույթի ճամփորդություններ են կատարում տարբեր երկրներ ռեպորտաժներ պատրաստելու նպատակով՝ նշեց, որ Հայաստանում բաժանվելու են խմբերի և տարբեր ուղղություններով շրջագայեն։ «Կլինենք նաև Թումոյում և Մատենադարանում․ մտադրություն ունենք այս համադրությունն օգտագործելով Հայաստանի անցյալի և ապագայի մասին ֆիլմ նկարահանել։ Իսկ շրջագայության արդյունքները կներկայացնենք շվեյցարական մամուլում»,-ավելացրեց նա։