ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ, հունիսի 4-ին Երևանում կայացել է «Մրցակցության խթանում և մրցունակ շուկաների ստեղծում Հայաստանում» թեմայով համաժողովը։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի խմբի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն։
Միջոցառմանը մասնակցել են մի շարք օտարերկրա փորձագետներ, ինչպես նաև ՀՀ կառավարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան ներկայացուցչության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները։
Համաժողովի նպատակն էր երկխոսություն ծավալել՝ համատեղ քննարկելով այն գործողությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանում մրցակցության ու շուկայի մրցունակության խթանմանը։ Դրանք, մասնավորապես, հետևյալն են․
* ապահովել ոլորտային պետական կառույցների միջև մասնագիտական փորձի փոխանակում՝ հիմնված այդ ոլորտներում հաջողությամբ բարեփոխումներ իրականացրած երկրների միջազգային փորձի վրա.
* Հայաստանում մրցակցային մթնոլորտի հետևողական բարելավման նպատակով մատնանշել այն հիմնական բարեփոխումները, որոնք պետք է իրականացվեն.
* հստակեցնել մրցակցության բարելավման ուղղությամբ կարճաժամկետ և միջնաժամկետ ժամանակահատվածում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի խմբի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները.
* խթանել գերատեսչությունների միջև երկխոսությունը, ինչպես նաև մրցակցության ոլորտում համապատասխան իրավասությամբ օժտված՝ քաղաքականություն մշակող և կիրառող մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը, ինչը կարող է կարևոր նշանակություն ունենալ մրցակցության ոլորտում իրականացվելիք բարեփոխումների համար:
Համաժողովի շրջանակում քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում մրցակցությունը սահմանափակող գործոնների վերացմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ մրցակցությանը խոչընդոտող կարգավորիչ արգելապատնեշների վերացումը, խաղի հավասար կանոններ ապահովելու նպատակով՝ պետական աջակցության նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացումը, ինչպես նաև մրցակցության ազգային քաղաքականության մշակումը և իրականացումը:
Համաժողովի ավարտին արձանագրվել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև հետագա համագործակցության անհրաժեշտությունը՝ Հայաստանի մրցակցային դաշտի բարելավման նպատակով։