Տիգրան Խաչատրյանն ընդունել է Տաջիկստանի դեսպանին
12 Հունիս, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։

Դեսպանը գոհունակություն է հայտնել համատեղ տարվող աշխատանքների ակտիվացման առթիվ։

Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը քննարկել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի, դրա շրջանակներում գործարարների միջև երկխոսության ձևաչափին առնչվող հարցեր։

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսությունների կառուցվածքը, արտահանվող հիմնական ապրանքները և ուղղությունները, համադրելի հնարավորությունները և համագործակցության հնարավոր ոլորտները։

Դեսպանը նշել է, որ հեռանկարային ոլորտներից է տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ Տաջիկստանի գործարարները հետաքրքրված են ներդրումներ իրականացնել։

Կողմներն անդրադարձել են փոքր և միջին ձեռներեցության ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններին։

Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ իրենց շատ է հետաքրքրում հայաստանյան չրարտադրության ճյուղը և տեղեկացրել, որ շուտով Տաջիկստանի ամենամեծ համայնքներից մեկից գործարար պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ ուսումնասիրելու Հայաստանի հաջող փորձը։


+