Սեմինար «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը Հայաստանում գործողության մեջ դնելու վերաբերյալ
25 Հունիս, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախախարությունում հունիսի 25-ին կայացել է սեմինար «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 018/2011) Հայաստանում գործողության մեջ դնելու վերաբերյալ, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ), էկոնոմիկայի նախարարության, շահագրգիռ այլ գերատեսչությունների աշխատակիցներ, ընկերությունների ներկայացուցիչներ, նշված տեխնիկական կանոնակարգի կիրարկման հետ ուղղակի կապ ունեցող մասնագետներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությանը սեմինարն անցկացնելու հրավերն ընդունելու համար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետի պաշտոնակատար Ժաննա Զաքարյանը հույս է հայտնել, որ սեմինարի ընթացքում կքննարկվեն նշված տեխնիկական կանոնակարգի կիրառման հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերը, դրանց վերաբերյալ կներկայացվեն առաջարկություններ և հնարավոր լուծումներ, որպեսզի 2020 թվականի հունվարի 2-ից կանոնակարգը հաջողությամբ գործողության մեջ դրվի Հայաստանում։

Սեմինարը վարող՝ ԵԱՏՀ պատվիրակության ղեկավար, Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Լիլի Մաքսուդյանն իր հերթին կարևորել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի դրույթների ներկայացումն ու կիրառման հետ կապված հնարավոր խնդիրների վերհանումը և նշել, որ Մոսկվայից ժամանած մասնագետները պատրաստ են մեկնաբանելու կանոնակարգի պահանջները, պատասխանելու մասնակիցներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաև համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ի հայտ եկող խնդիրների համար։

Այնուհետև ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման վարչության տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Շկոլինը, պատվիրակության մյուս մասնագետները հանգամանալից ներկայացրել են «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի դրույթները, որից հետո պատասխանել սեմինարի մասնակիցների հարցերին։

  


+