Հունիսի 22-ին Դիլիջանում կազմակերպված «Իմ քայլը հանուն Տավուշի» գործրար համաժողովին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդես է եկել ելույթով և խոսել մեր երկրում բիզնես ստեղծելու հնարավորությունների և բիզնեսին կառավարության աջակցության մասին։
Ավագ Ավանեսյանը մասնավորապես նշել է, որ բիզնես ստեղծելու համար անհրաժեշտ են գաղափարներ և դրանց իրականացման հնարավորություններ։ Իսկ բիզնես գաղափարների համար կառավարությունը պետք է ապահովի գիտելիք և տվյալներ։ Ըստ նախարարի տեղակալի՝ կառավարության կողմից առավելագույն աջակցությունը պետք է ուղղվի այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք «արտահանում են և ստեղծում բարիք միջազգային տնտեսական համակարգում»: Միաժամանակ կառավարությունը չպետք է խտրական մոտեցում ցուցաբերի որևէ բիզնեսի նկատմամբ և խոչընդոտներ ստեղծի այլ բիզնեսների համար։ Նա նաև տեղեկացրել է համաժողովի մասնակիցներին, որ կառավարությունում քննարկվում են բիզնեսի ռիսկերը կիսելու որոշակի մեխանիզմներ։
Իր ելույթում Ավագ Ավանեսյանը առանձնահատուկ կարևորել է գործարարների հետ երկխոսությունը և նշել, որ վերջիններիս հետ կապերի ամրապնդման համար նախարարության կողմից կձեռնարվեն որոշակի քայլեր։
Խոսելով տնտեսությունում տեղի ունեցող փոփոխությունների մասին, փոխնախարարն ասել է հետևյալը․ «Փոխվել են խաղի կանոնները, և եթե մինչև այժմ որևէ վարչարարական խոչընդոտ հնարավոր էր լուծել կոնկրետ մարդուն ինչ-որ բան տալով, ապա հիմա նման հնարավորություն ուղղակի բացակայում է: Սա նշանակում է՝ կան նոր կանոններ, և գործարարներին պետք է աջակցենք, որպեսզի այս կանոններին որքան հնարավոր է շուտ ընտելանան և արագ ստեղծեն բարիքներ տնտեսության և մեզ համար»։
Ելույթից հետո Ավագ Ավանեսյանը միջոցառմանը ներկա գործարարներին կոչ է արել համարձակ ներկայացնել խնդիրները, որոնց իրենք հանդիպում են բիզնեսը վարելու ժամանակ և հավաստիացրել, որ դրանք կուսումնասիրվեն նախարարության կողմից՝ յուրաքանչյուրի մասով կոնկրետ լուծումներ գտնելու նպատակով։