Հանրային քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2020-2022 թթ․ ՄԺԾԾ և 2020 թվականի բուջետային հայտերի վերաբերյալ
18 Հունիս, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 14-ին կայացել է 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերի հանրային քննարկում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության, Ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության ղեկավարները, Զբոսաշրջության կոմիտեի, Հանրային խորհրդի պաշտոնատար անձինք, Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ-ի և Հայկական բիզնես կոալիցիայի ներկայացուցիչները։

Միջոցառման մասնակիցները կարևորել են նախարարության բյուջետային հայտերի կազմման գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը և վերջիններիս հետ մասնագիտական կարծիքների փոխանակումը:

Միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտերի նախագծերի ներկայացումից հետո, մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները և առաջարկությունները, մասնավորապես՝ զբոսաշրջության զարգացման, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի կարգավորումների, առևտրական ներկայացուցչությունների գործունեության բարելավման, ներքին կոոպերացիայի գործընթացի կազմակերպման, տնտեսական հետազոտությունների արդիականացման և այլ խնդիրների վերաբերյալ։

Քննարկման ավարտին նշվել է, որ ներկայացված դիտարկումները և առաջարկները հնարավորինս հաշվի կառնվեն համապատասխան հայտերի լրամշակման փուլում: