ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի իրականացման աջակցության առաքելությանը:
Նախարարը ՀԲ թիմի հետ քննարկել է նախորդ առաքելության ընթացքում համաձայնեցված ուղենիշները և ծրագրի ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ Ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրությունը: ՀԲ ներկայացուցչի խոսքով` որոշ ուղղություններով առկա է նկատելի առաջընթաց:
Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի մասնագետները մտքեր են փոխանակել «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի կառուցվածքի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ` այն համապատասխանեցնելու ներկայիս պայմաններին և կարիքներին:
Կողմերն անդրադարձել են ծրագրի որակի ենթակառուցվածքների բաղադրիչին, մասնավորապես` լաբորատորիաների վերազինմանը և հավատարմագրման մարմնին տրվող աջակցությանը:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Խաչատրյանի հետ քննարկել են նաև արտահանման խթանման միջոցառումների և ներդրումների աջակցման պետական իրավասու մարմինների գործունեությունը և առաջիկա ծրագրերը` «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի բաղադրչների համատեքստում: