ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել ուսանողների հետ
3 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 3-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի հանդիպումը Հայաստանի զբոսաշրջության ոլորտին առնչվող ուսանողների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և ՄԱԿ ԶՀԳ գործադիր տնօրեն Կառլոս Ոգիլին։

Մինչ խոսքը ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիին փոխանցելը, Գարեգին Մելքոնյանն ուսանողներին ասել է, որ նախարարությունը չէր կարող անհաղորդ թողնել նրանց Երևանում անցկացվող այնպիսի կարևոր իրադարձությունից, ինչպիսին ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանն է և չօգտագործել հրաշալի առիթը՝ կազմակերպելու Թալեբ Ռիֆայիի հետ նրանց հանդիպումը։

Նա նշել է, որ ակնկալում է անմիջական երկխոսություն և հորդորել զբոսաշրջության ոլորտի ապագա մասնագետներին, որոնցով լեփ-լեցուն էր նախարարության մեծ դահլիճը, օգտվել եզակի հնարավորությունից և իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարին։

Թալեբ Ռիֆային ներկայացրել է ուսանողներին իր կյանքի անցած ուղին՝ ուսանողական տարիներից մինչև աշխատանքը ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նա նշել է զբոսաշրջության կարևոր դերակատարումը համաշխարհային տնտեսության մեջ։ Հետաքրքիր մի օրինակ է բերել, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 43-րդ այցելուն մեկ աշխատատեղ է ստեղծում։ Նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանը զբոսաշրջության զարգացման լավ հեռանկարներ ունի, և այդ զարգացումն ապահովելու համար լավ մասնագետների առկայությունը չափազանց կարևոր է։

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի կարծիքով, նույնիսկ պատերազմները չեն կարող խոչընդոտ լինել զբոսաշրջության համար։

Պատասխանելով ուսանողների բազմաթիվ և բազմաբնույթ հարցերին, նա հորդորել է նրանց չմոռանալ զբոսաշրջության ամենագլխավոր նպատակը՝ դարձնել այս աշխարհն ավելի լավը։

- Երբ մարդը ճամփորդում է՝ ավելի լավ մարդ է դառնում։ Եթե ձեզ հարցնեն, թե ի՞նչ եք անում, դուք պատասխանեք, որ մասն եք կազմում մի ինդուստրիայի, որն ավելի լավն է դարձնում այս աշխարհը։ Մեր աշխատանքը մարդկանց երջանկություն է պարգևում, - հայ ուսանողների հետ իր հանդիպումն ամփոփել է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային։

+