Կայացել է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի մամուլի ասուլիսը
3 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 3-ին Երևանում մեկնարկել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՄԱԿ ԶՀԳ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի գլխավորած պատվիրակությունը։

Նստաշրջանի բացման պաշտոնական արարողությունից հետո կայացել է ՄԱԿ ԱՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի մամուլի ասուլիսը։

Գարեգին Մելքոնյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ ԶՀԳ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիին, ՄԱԿ ԶՀԳ գործադիր տնօրեն Կառլոս Ոգիլին, ինչպես նաև պատվիրակության բոլոր անդամներին՝ Հայաստան այցի և ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը մեր երկրում անցկացնելու հնարավորության համար։

- Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը այն կառույցն է, որը ձևավորում է տուրիզմի ոլորտի զարգացման օրակարգը ամբողջ աշխարհում և կարևորագույն հարթակ է այս ոլորտում երկրների միջև տեղեկատվության փոխանակման ու տուրիզմի զարգացման ուղղությամբ համագործակցությունն իրականություն դարձնելու համար,- իր ներածական խոսքում նշել է Գարեգին Մելքոնյանը։

Այնուհետև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալը հակիրճ ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վերջին տարիների զարգացումներն, ընդգծելով, որ ոլորտը կայուն զարգացում է ապրել․ վերջին հինգ տարում միջին առումով գրանցվել է 9 տոկոս աճ միջազգային զբոսաշրջիկների այցելությունների տեսանկյունից։

Համոզմունք հայտնելով, որ առաջիկայում զբոսաշրջության ոլորտը Հայաստանում զարգացման ավելի մեծ դինամիկա կունենա, Գարեգին Մելքոնյանը առանձնահատուկ կարևորել է ենթակառուցվածքների զարգացումը։

ՄԱԿ ԱՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային լրագրողների հետ կիսվել է Հայաստանից ստացած իր տպավորություններով, նշելով, որ Հայաստանը բավականաչափ զարգացած է զբոսաշրջիկներին ընդունելու համար: Նա նաև ընդգծել է, որ ակնհայտ է ոլորտի առաջընթացը Հայաստան կատարած իր նախորդ այցի համեմատ։ Թալեբ Ռիֆային օրինակ է բերել «Զվարթնոց» օդանավակայանի դրական փոփոխոխությունները։ Այն այսօր, իր կարծիքով, ոչ միայն տարածաշրջանում, այլև տարածաշրջանից դուրս կարող է համարվել լավագույններից մեկը:

- Մենք եկել ենք մեր մտքում ունենալով որոշակի նպատակ՝ ցուցաբերել մեր աջակցությունը, ինչպես կարողանանք, - ասել է Թալեբ Ռիֆային։

Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչն է ամենաշատը տպավորվել Հայաստանում, արդեն երրորդ անգամ մեր երկիրն այցելած և ամեն անգամ Հայաստանն իր համար նորովի բացահայտած ՄԱԿ ԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ ամենատպավորիչն այստեղ ապրող մարդիկ են։

- Հայաստանի ամենագեղեցիկ բանը մարդիկ են: Աշխարհում շատ ժողովուրդներ կարող են ասել, որ ունեն գեղեցիկ լճեր, լեռներ, բայց կարծում եմ` ամենակարևորը ճանապարհորդի համար այդ երկրի ժողովուրդն է: Սա ամենատպավորիչն է Հայաստանում: Դուք շատ լավ ու ապահով եք ձեզ զգում ձեր երկրում, - նշել է Թալեբ Ռիֆային և մաղթել հետևողական աշխատանք աշխարհին Հայաստանը ճանաճելի դարձնելու ճանապարհին։

+