Սուրեն Կարայանը հանդիպել է «ԱՐԳԵԼ» ՍՊԸ-ի տնօրենին
4 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 4-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում Սուրեն Կարայանը հանդիպել է «ԱՐԳԵԼ» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանին:

Հանդիպման ընթացքում ընկերության տնօրենը ներկայացրել է ընկերության արտադրանքը, արտադրական հնարավորությունները, ինչպես նաև խնդիրները, մասնավորապես, նշվել են գազի բարձր գինը, որն արտադրանքի ինքնարժեքի մեծ տեսակարար կշիռ ունի, ընկերության կողմից ստանձնած դոլարով վարկային պարտավորությունները և սերտիֆիկացման հետ կապված մեծ ծախսերը: Էդիկ Գրիգորյանի խոսքով` հարցերի լուծման համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը, ինչը հնարավորություն կտար բարձրացնել արտադրանքի մրցունակությունը:

Ընդունելով տնօրենի առաջարկը` նախարար Կարայանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել «Արգել» ընկերություն և տեղում ծանոթանալ արտադրական հնարավորություններին ու խնդիրներին: Անդրադառնալով բարձրացված հարցերին, նախարարը համապատասխան ստորաբաժանումներին տվել է հանձնարարականներ` ուսումնասիրելու դրանք և ներկայացնելու լուծման ուղիները: Նշենք, որ «Արգել» ընկերությունը մասնագիտանում է շինարարության ոլորտում, արտադրում` բազալտե և ապակե պոլիմերային ամրաններ:

Մինչ այս, նախարար Սուրեն Կարայանը հանդիպումներ է ունեցել մի շարք գործարարների հետ ևս: Հանդիպումներում նախարարը նշել է բաց և անկեղծ քննարկումների կարևորությունը, ինչը հնարավորություն կտա բարձրացված հարցերին տալու արագ և արդյունավետ լուծումներ: Նախարարը պատրաստակամություն է հայտնել դարձնել հանդիպումները պարբերական և նպատակային` նախորդ քննարկումներում արծարծված հարցերի ուղղությամբ հետևողական աշխատանքի իրականացման համար:

+