Հոկտեմբերի 4-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում-խորհրդակցություն` նախարարի տեղակալների, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Նախարար Կարայանն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում, վարչապետի հանձնարարականների կատարման ժամկետների պահպանման, նախարարությանը հասցեագրված գրությունների արագ արձագանքման հարցերին: Նախարարը կարևորել է գործարարների հետ աշխատանքը:
-Նախարարությունը պետք է դառնա այն կառույցը, որը կամուրջ կլինի դեպի կառավարություն, մենք պետք է բիզնեսին վերաբերող ցանկացած խնդրով գործարարներին, ներդրողներին կարողանանք օգնել նաև այլ գերատեսչությունների հետ կապված հարցերում: Գործարարների հետ աշխատանքը պետք է լինի արագ, ճկուն և հարգալից,- իր խոսքում, մասնավորապես, նշել է Սուրեն Կարայանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել աշխատանքային կարգապահությանը վերաբերող հարցերի, նախարարն ընդգծել է նախարարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված նախատեսվող աշխատանքների իրականացումը: Այս առումով, ինչպես նաև կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ համապատասխան առաջարկները սեղմ ժամկետներում ներկայացնելու հանձնարարական է տրվել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին:
-Պետք է աշխատենք ճկուն և բաց,-նշել է նախարարը, խորհրդակցության ավարտին տալով մի շարք հանձնարարականներ: