Հոկտեմբերի 5-8-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում, անցկացվում է «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում է Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը։
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը մասնակցել են նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իրանի հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարար, Իրանի միջազգային ցուցահանդեսների կազմակերպության գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ Հոսսեյն Էսֆահբոդին, Իրանի միջազգային ցուցահանդեսների կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Մ.Ղանբարին, ՌԴ, Վրաստանի, Տաջիկստանի և այլ երկրների դիվանագիտական կորպուսը՝ դեսպանների գլխավորությամբ։
Ցուցահանդեսին մասնակցել են ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 100 հայկական ընկերություններ։
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը իր ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը մասնավորապես ասել է հետևյալը․ «Հայաստանի Հանրապետությունը կարևորում և առաջնահերթ է համարում բարեկամ Իրանի հետ թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական հարաբերությունների էլ ավելի ամրապնդումը։ Տնտեսական համատեղ նախագծերի իրականացումը, գործարար կապերի խորացումը և փոխգործակցության խթանումը կկրեն շարունակական բնույթ և ուղղված կլինեն երկկողմ համագործակցության ընդլայնմանը և առևտրաշրջանառության ծավալների աճին: Դրա վառ օրինակն է այս ցուցահանդեսի կազմակերպումը։
Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ իրանական գործարար շրջանակների համար գրավիչ հարթակ Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներ մուտք գործելու հարցում:
Իրանական գործարար շրջանակների համար հետաքրքրություն կարող է ներկայացնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունն օգտվում է ԵՄ հետ GSP+, իսկ ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի հետ` GSP առևտրի արտոնյալ ռեժիմներից: Այս տեսանկյունից ևս Հայաստանը կարող է լինել հեռանկարային և փոխշահավետ համագործակցության հանգույց:
Այս ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի իրանական շահագրգիռ գործարար շրջանակներին հնարավորություն տալ ծանոթանալու Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներ ներկայացնող ընկերությունների կողմից արտադրվող ապրանքներին ու մատուցվող ծառայություններին: Լիահույս եմ, որ հայ և իրանցի գործարարները կօգտագործեն այս հնարավորությունը` փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»:
Եզրափակելով խոսքը, Հովհաննես Հովհաննիսյանը նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արտաշես Թումանյանի, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիի, GIZ-ի ներդրումը ցուցահանդեսի կազմակերպման գործում և շնորհակալություն հայտնել իրենց կատարած մեծածավալ աշխատանքի համար:
Նա նաև շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում իրանական կողմի աջակցությունը Իրանում «Հայաստան էքսպո 2016» ցուցահանդեսի կազմակերպմանը և պատրաստ է աջակցել 2017թ. Հայաստանում իրանական ապրանքների և ծառայությունների ներկայացման համար ցուցահանդեսի կազմակերպման գործընթացին։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը մաղթել է ցուցահանդեսին արդյունավետ աշխատանք, իսկ մասնակիցներին՝ հաջող համագործակցություն:
Հավելենք, որ Թեհրանում կազմակերպված «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես իրանցի գործարարների, այնպես էլ բնակչության շրջանում։