Հանդիպում EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի գլխավորած պատվիրակության հետ
7 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի գլխավորած պատվիրակության հետ։

Սլովակիայի պետական և մասնավոր ֆինանսատնտեսական կառույցների ներկայացուցիչներին ընդունել է նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության, արդյունաբերության զարգացման, ներդրումային քաղաքականության վարչությունների պետերը, նախարարության ստորաբաժանումների այլ աշխատակիցներ։

Ողջունելով հյուրերին, Էմիլ Տարասյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը ՀՀ վարչապետի մոտ կայացած կարևոր ու հետաքրքիր համատեղ հանդիպումից հետո շարունակելու երկխոսությունը և ավելի մանրամասն ու խորքային քննարկելու բոլոր ներդրումային առաջարկերը, ինչպես նաև նախարարության իրավասության շրջանակում գտնվող տնտեսական գործակցությանն առնչվող նախագծերը, փոխշահավետ գործակցության այլ հնարավորությունները։ Փոխնախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող աշխատանքը և առաջիկա ծրագրերը։

Աշոտ Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխնախարարին հանդիպման հնարավորության համար, շեշտելով, որ այլ գերատեսչություններում կայացած մի շարք քննարկումներից հետո, անհրաժեշտություն է առաջացել ամփոփելու առաջարկությունները և փոխգործակցության հետագա քայլերը այս նախարարությունում, քանի որ, իր խոսքերով, «բոլոր սլաքներն ուղղվել են այստեղ»։ Այնուհետև նա ներկայացրել է սլովակյան կողմի հետաքրքրվածությունը ներդրումներ կատարելու Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես տրանսպորտի, էներգետիկայի, քիմիական արդյունաբերության ոլորտում, նաև իրենց մասնակցությունն ունենալու ներդրումային հիմնադրամի ստեղծման ու ենթակառուցվածքների զարգացման ներդրումային նախագծերի իրականացման աշխատանքներում։

Աշոտ Գրիգորյանը գոհունակություն է հայտնել փոխգործակության առնչությամբ երկու կողմերի մոտեցումների ընդհանրության համար և նշել, որ պատվիրակության անդամները մանրամասն կուսումնասիրեն նախարարության կողմից պատրաստված և իրենց տրամադրված ներդրումային ծրագրերի ընդհանուր փաթեթը, որոնց վերաբերյալ իրենց առաջարկությունները կներկայացվեն առաջիկայում նախատեսվող հաջորդ հանդիպման ժամանակ։

Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակը և ակնկալիքները հանգամանալից քննարկելուց հետո, հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են, համագործակցության հետագա քայլերը հստակեցնելու համար, միմյանց տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և, ըստ ոլորտների, ստեղծել աշխատանքային խմբեր։

+