ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդային
13 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդային:

Ողջունելով հյուրին` նախարար Կարայանը համառոտ ներկայացրել է նախարարության գործունեությունը, անդրադարձել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշներին, որոնք, նախարարի խոսքով, ներկայում ցածր են, սակայն կա ներուժ և անհրաժեշտություն դրանք նոր մակարդակի հասցնելու համար:

-Կան բազմաթիվ բնագավառներ, որտեղ կարող ենք սերտորեն համագործակցել` թեթև արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, գորգագործություն, մի շարք այլ ուղղություններով ևս, և ներկայում կա լավ հնարավորություն նախանշելու փոխգործակցության ուղիներն ու համապատասխան աշխատանքներն ինտենսիվորեն սկսելու համար,- իր խոսքում նշել է նախարար Կարայանը:

Շավկաթ Բոբոզոդան Տաջիկստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետություն հրավերի և հյուընկալության համար:

Ներկայացնելով Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության աշխատանքը` նախարար Բոբոզոդան անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը և այդ աշխատանքներին թափ հաղորդելու համար` աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությանը, ինչը հնարավորություն կտա կոնկրետ ուղղություններով փոխգործակցության իրականացմանը:

Հանդիպմանը կողմերը անդրադարձել են արտահանման և ներմուծման, արտադրության, բեռնափոխադրումների խնդիրներին, Հայաստանի հնարավորությունները դեպի ԵՄ և Իրանի շուկաներ օգտագործելու, հայկական արտադրանքը Տաջիկստան և ասիական շուկաներ արտահանելու հարցերին:

+