Սուրեն Կարայանն ու Շավկաթ Բոբոզոդան այցելել են թեթև արդյունաբերության ձեռնարկություններ
14 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացած Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու Տաջիկաստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդան այցելել են թեթև արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես տեքստիլ արտադրության և գորգագործական ընկերություններ:

Շրջայցերի ընթացքում ներկայացվել են ընկերությունների գործունեությունը, հյուրերը ծանոթացել են հայկական արտադրանքին, որի որակական ցուցանիշներին տվել են բարձր գնահատականներ:

Կողմերը կարևորել են հայ-տաջիկական երկկողմ առևտրի, տնտեսական հարաբերությունների և սերտ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Արտադրամասեր շրջայցերից հետո արդյունավետ քննարկում է ծավալվել փոխշահավետ գործակցության հնարավորությունների զարգացման շուրջ, նախանշվել են համագործակցության նոր ուղիներ։

+