Հոկտեմբերի 15-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա) Պակ Ռո Բյոկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին կորեական ներդրումային մի շարք խոշոր ընկերությունների գլխավոր տնօրեններ:
Պակ Ռո Բյոկը շնորհավորել է նախարար Սուրեն Կարայանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով` նախարարը ողջունել է հյուրերին Հայաստան կատարած այցի կապակցությամբ և կարևորել նրանց մասնակցությունը Երևանում անցկացվող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովին:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Դեսպանի խնդրանքով Սուրեն Կարայանը ներկայացրել է ՀՀ-ում ներդրումային քաղաքականության մանրամասները, անդրադարձել օտարերկրյա ներդրումների և ներդողների պաշտպանության խնդիրներին, նշելով, որ ներդրողների իրավունքների պաշտպանության հարցերով լուրջ բարեփոխումներ են իրականացվում, այդ թվում, իրավունքների պաշտպանության հնարավորությունը միջազգային ատյաններում:
Նախարարն անդրադարձել է մաքսային քաղաքականությանը, ՀՀ-ից արտահանման բնագավառում տրվող արտոնություններին, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, մի շարք երկրների հետ GSP, GSP+ համակարգերի ընձեռած առավելություններին, ինչպես նաև ազատ մուտքը ԵԱՏՄ շուկաներ:
Շնորհակալություն հայտնելով մանրամասն ներկայացման համար` դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա և հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է ՀՀ-ի և ԿՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, հույս է հայտնել, որ տնտեսական հարաբերությունների նոր մակարդակի արձանագրմամբ կնշեն տարեդարձը:
Գործարար կապերի հաստատման համար կարևորվել են երկու երկրների գործարարների փոխայցելությունները: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ԿՀ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ տարվող բանակցություններին:
Դեսպան Պակ Ռո Բյոկը նախարարին հրավիրել է մասնակցելու նոյեմբերի 9-ին Սեուլում նախանշված Կորեայի Հանրապետություն-ԵԱՏՄ երկրորդ խորհրդակցությանը` շարունակելու քննարկումները նշված համաձայնագրի շուրջ: Դեսպանը տեղեկացրել է, որ միաժամանակ նախատեսվում է անցկացնել Կորեայի Հանրապետություն-ԵԱՏՄ ներդրումային համաժողով, ինչը լավ հնարավորություն է յուրաքանչյուր երկրի համար ներկայացնելու ներդրումային միջավայրը` տնտեսությունում կորեական ներդրումներ ներգրավելու, նոր գործարար կապեր հաստատելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը: