Հոկտեմբերի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի սերտիֆիկացման կենտրոնի (CQC) նախագահ տիկին Վան Կեցզյաոյի գլխավորած պատվիրակության հետ։
Պատվիրակությանն ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։
Պատվիրակության կազմում էին ՉԺՀ որակի սերտիֆիկացման կենտրոնի և ՉԺՀ սերտիֆիկացման և տեսչական ընկերության պատասխանատու ներկայացուցիչներ։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի որակի ենթակառուցվածքի ազգային մարմինների պաշտոնյաներ, նախարարության աշխատակիցներ։
Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Տարասյանը կարևորել է Չինաստանի պատվիրակության այցը Հայաստան, նշելով, որ որակի ենթակառուցվածքի ոլորտում փոխշահավետ համագործակցությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ երկու երկրների միջև առևտրային կապերի զարգացման և առևտրաշրջանառության ծավալների զգալի ավելացման համար, ինչպես նաև չինացի գործարարներին հնարավորություն ընձեռել Հայաստանից մուտք գործելու ԵԱՏՄ և այլ շուկաներ։
-Այս առումով չափազանց կարևոր են ինչպես սակագնային, այնպես էլ ոչ սակագնային կարգավորումները, նաև սերտիֆիկացման գործընթացի համակարգումը երկու երկրների միջև, ինչը զգալիորեն կհեշտացնի բիզնեսի գործուներությունը։ Մենք պատրաստ ենք լավ պայմաններ ստեղծել չինացի գործարարների համար, սակայն նաև շահագրգռված ենք, որպեսզի չինական շուկան նույնպես բարենպաստ լինի հայ գործարարների համար, - ասել է Էմիլ Տարասյանը։
Չինաստանի որակի սերտիֆիկացման կենտրոնի նախագահ տիկին Վան Կեցզյաոն իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանում գտնվելու և Հայաստանի որակի ենթակառուցվածքի ազգային մարմինների գործունեությանը ծանոթանալու հնարավորության կապակցությամբ, նշելով, որ պատվիրակության հիմնական նպատակն է ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և փոխանցել այն չինացի գործարարներին՝ վերջիններիս ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար։
Հյուրերի խնդրանքով Էմիլ Տարասյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի որակի ենթակառուցվածքի ազգային մարմինների գործունեությունը, ԵԱՏՄ պահանջները ապրանքների անվտանգության և տեխնիկական կանոնակարգման առնչությամբ, այնուհետև առաջարկել առանձին քննարկումներ կազմակերպել Հայաստանի սերտիֆիկացման, հավատարմագրման և չափագիտության ոլորտների մասնագետների հետ՝ չինացի գործընկերներին առավել մանրամասն ծանոթացնելու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքներին և համատեղ ուրվագծելու հետագա գործակցության քայլերը։