Հոկտեմբերի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել «Տոյոտա-Եվրոպա» ընկերության ներկայացուցիչների հետ:
Քննարկման առանցքում եղել են ԵԱՏՄ շրջանակներում արտադրանքին ներկայացվող տեխնիկական կանոնակարգերին վերաբերող հարցեր: Մասնավորապես քննարկվել են տեխնիկական կանոնակարգերի համապատասխանեցման ժամկետներին, արբանյակային տեղորոշման համակարգերին, վառելիքի որակի տեխնիկական ցուցանիշներին վերաբերող հարցեր:
Նախարար Կարայանը նշել է, որ ներկայում լուրջ աշխատանքներ են տարվում որակի ենթակառուցվածքների ոլորտում: Անդրադարձ է եղել բիզնեսի զարգացման կարողություններին: Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները, առաջարկելով ՀՀ-ում արտադրությունների հիմնում, և նշել այն առավելությունները, որ կարող է ընձեռել ներդրումային բարենպաստ դաշտը:
«Տոյոտա-Եվրոպա» ընկերության տնօրեն Դեննի Ռոսենվասերը վստահեցրել է, որ նախարարի առաջարկը կներկայացվի ընկերության տնօրինությանը` ներդրումային առաջիկա ծրագրերում ընդգրկելու հնարավորությունը քննարկելու նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը հավաստել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: