Հոկտեմբերի 19-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակի ղեկավար Անահիտ Սիմոնյանին, կազմակերպության միջազգային փորձագետ Անիտա Տրավաինիին և ծրագրի համակարգող Արաքսյա Գրիգորյանին:
Քննարկվել է «Արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցակցության զարգացում` արդիականացման և նոր շուկաներ մուտքի միջոցով» ծրագիրը: Կարճ տեսաֆիլմի միջոցով նախարարին ներկայացվել է իրականացված երկամյա աշխատանքը: Մտքեր են փոխանակվել ծրագրի շարունակականության ապահովման շուրջ:
Նախարար Սուրեն Կարայանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ` նշելով, որ ողջունում և պատրաստակամ է օժանդակելու ծրագրի հետագա ընթացքն ապահովելու համար:
Միջազգային փորձագետ Անիտա Տրավաինին իր նկատառումներն է ներկայացրել ծրագիրը շարունակելու և շահառուների համար փոխօգնության արդյունավետ լուծումներ գտնելու վերաբերյալ: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման հանձնառությունը: