Հոկտեմբերի 24-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի /ՏՏԵԶԾ/ իրականացմանն աջակցող թիմի հետ` Ահմեդ Այվեդայի գլխավորությամբ:
Քննարկվել են ՏՏԵԶԾ իրականացման ժամկետներին վերաբերող հարցեր: Նախարար Սուրեն Կարայանը գոհունակություն է հայտնել Հայաստանում իրականացվող ծրագրերին ՀԲ-ի աջակցության համար, նշել, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պատրաստակամ է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի աշխատանքներն իրականացնել և դրանում կարևորում է Համաշխարհային բանկի կողմից տրվող օժանդակությունը:
Ահմեդ Այվեդան շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ինչը նաև խնդիրների մասին խոսելու հնարավորություն է: ՀԲ-ի համար կարևորելով ՏՏԵԶ ծրագրի իրականացումը` պարոն Այվեդան ներկայացրել է նաև ենթածրագերը, նշել դրանց հանրայնացման, տեղական տնտեսություններում կատարվող աշխատանքների վերաբերյալ իրազեկման անհարժեշտությունը:
Հանդիպման ավարտին կողմերը կրկին վերահաստատել են նշված ծրագրի կարևորությունը համայնքների համաչափ զարգացման, զբոսաշրջության խթանման տեսանկյունից և, նաև, հավաստել ծրագրի իրականացման հանձնառությունը: