ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվել է «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը
27 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 27-ին «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» (“JUNWEX֊ YEREVAN SHOW 2016”) ոսկերչական միջազգային ցուցահանդեսը, որը կգործի մինչև հոկտեմբերի 30-ը։

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ցուցահանդեսը բացել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը (ողջույնի խոսքը) և Հայ Ոսկերիչների Միջազգային Ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը։

Այնուհետև hանրապետության Նախագահը, միջոցառման կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։

«ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսն արդեն 6-րդ անգամ է կազմակերպվում Երևանում Հայ Ոսկերիչների Միջազգային Ասոցիացիայի կողմից։ Այս տարի այն անցկացվում է ռուսական հայտնի «ՌԵՍՏԷԿ» (ООО “РЕСТЭК”) ընկերության հետ համատեղ, որը հանդիսանում է միջազգային “JUNWEX” ոսկերչական ցուցահանդեսների կազմակերպիչը։

Ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 80 ընկերություններ Հայաստանից, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Լիբանանից, Թայլանդից, Թուրքիայից և այլն: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որից օգտվող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Ցուցահանդեսին հրավիրված են նաև մեծածախ գնորդներ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ ԵԱՏՄ երկրներից, Մերձավոր Արևելքից և այլ երկրներից:

Ցուցահանդեսին մասնակցելուն աջակցելու նպատակով Հայաստանի զարգացման հիմնադրամին հայտ են ներկայացրել 16 հայկական ընկերություններ, որոնց արտահանմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է շուրջ 50% համաֆինանսավորում:

Հայ Ոսկերիչների Միջազգային Ասոցիացիայի կողմից հայկական ընկերություններին ցուցահանդեսային տարածքները տրամադրվել են զեղչված պայմաններով։

Ցուցահանդեսին Հայաստանում ոսկերչության ոլորտում գործունեություն ծավալող 9 սիրիահայերի Հայ Ոսկերիչների Միջազգային Ասոցիացիայի կողմից տրամադրվել են անվճար տաղավարներ։

+