Նոյեմբերի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
Միջոցառման ընթացքում նախարար Կարայանը Արցախի մի շարք համայնքների ներկայացուցիչներին է հանձնել 13 «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաների բանալիները: Ավտոմեքենաները տրամադրվել են ՀՀ և ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունների միջև 50 մլն դրամ դրամաշնորհի տրամադրման մասին կնքված պայմանագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել Արցախի համայնքների համաչափ զարգացմանը, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության ճյուղերին:
-Համագործակցությունը, որը տեղի է ունենում երկու գերատեսչությունների միջև, այսուհետև կկրի ինստիտուցիոնալ, ամենօրյա բնույթ, ինչը հնարավորություն կտա, որպեսզի տարբեր ուղղություններով լինենք միասին, բոլոր քայլերն իրականացնենք համատեղ` ապահովելով զգալի արդյունքների արձանագրումը ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, - մասնավորապես նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` միջոցառման ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին: