Վաչե Գաբրիելյանը և Սուրեն Կարայանը մասնակցել են ARMENIAN BRANDS հարթակի շնորհանդեսին
11 Նոյեմբեր, 2016

Նոյեմբերի 11-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մասնակցել են Տաշիր առևտրի կենտրոնում ARMENIAN BRANDS առանձնացված հարթակի շնորհանդեսին:

Նախարարները շրջել են տաղավարներով, ծանոթացել հայկական արտադրանքին, հայ դիզայներ-մոդելավորողների աշխատանքին:

ARMENIAN BRANDS-ի տաղավարներում ներկայացված է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ արտադրող հայաստանյան ընկերությունների արտադրանքը:

Նախագծի նպատակը տեղական արտադրողին աջակցելն ու դեպի շուկա սահուն ընթացք ապահովելն է:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը բարձր է գնահատել հայ արտադրողներին և արվեստի մարդկանց միավորելու գաղափարը, որի իրագործմամբ հնարավորություն է ստեղծվել միասնական հարթակով ներկայանալու պոտենցիալ գնորդներին:

- Վստահ եմ, որ այս տարածքը շատ կարճ ժամանակ անց կդառնա մեր հայրենակիցների ու նաև զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը,- նշել է Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքերով, այս հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում զարգանա փոքր ու միջին ձեռներեցությունը, առավել ևս, որ ներկայացված են զարգացման տեսակետից հեռանկարային ոլորտներ, ինչը նաև լուրջ հնարավորություններ կընձեռի արտադրական ծավալները ժամանակի հետ ընդլայնելու համար: Սուրեն Կարայանը նշել է նաև, որ տնտեսվարողների ու կազմակերպիչների հետ քննարկել են նաև խնդրահարույց հարցեր, որոնց կարգավորման ուղղությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը:

+