Տեղի է ունեցել Հայաստանի զբոսաշրջության խնդիրներին նվիրված հանդիպում-քննարկում
16 Նոյեմբեր, 2016

Նոյեմբերի 16-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի խնդիրներին և զարգացման հեռանկարներին նվիրված հանդիպում-քննարկում Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը։

Իր ներածական խոսքում նախարար Սուրեն Կարայանն ասել է, որ զբոսաշրջության ոլորտը շատ կարևոր է ՀՀ կառավարության համար, քանի որ ապահովում է տնտեսության աճի ներառականությունը: Այդ նպատակով էլ ստեղծվել է Զբոսաշրջության պետական կոմիտեն:

Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարության համար առաջնային է պետական և մասնավոր ոլորտների կապը։ Ներկայացնելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանին, նախարարը հույս է հայտնել, որ հանդիպման մասնակիցները կխոսեն ոլորտում առկա խնդիրների մասին, որոնց վերաբերյալ, համատեղ ջանքերով, կգտնվեն արդյունավետ լուծումներ:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար: Նրա խոսքով, ոգևորիչ է, որ ոլորտի ներկայացուցիչների ձայնը լսելի կլինի կառավարության համար:

Այնուհետև Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության անդամները ներկայացրել են իրենց կողմից վերհանած խնդիրները։ Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտի նկատմամբ հանրային հետաքրքրության և շահագրգռվածության խթանմանն, շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ համագործակցության ապահովման, զբոսաշրջության բնագավառում գործող, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների գործունեությանը պետական աջակցության, Հայաստանի Հանրապետության` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի ձևավորման օժանդակության, միջազգային ներգնա զբոսաշրջության կայուն աճին և ոլորտի ալյ խնդիրներին վերաբերող հարցեր:

Սուրեն Կարայանն առաջարկել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներն անցկացնել ամենամսյա պարբերականությամբ` ակնկալելով հեղափոխական և հետաքրքիր նախագծերի ներկայացում ոլորտի արագ զարգացման համար:

Զարմինե Զեյթունցյանն իր հերթին նշել է, որ ակնկալում է մշտական, կառուցողական, արդյունավետ փոխգործակցություն զբոսաշրջության ոլորտի բոլոր կազմակերպությունների և ընկերությունների հետ։ «Ոլորտում բացերը շատ են, որոնք փակելու համար հրաշքներ գործել պետք չէ», - ասել է Զարմինե Զեյթունցյանը։

+