Նոյեմբերի 16-ին Երևանում կայացել է կենսունակ հանքարդյունաբերության խնդիրներին նվիրված գործարար համաժողով, որը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և HSBC բանկի հետ համատեղ։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, պետական կառույցների, հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։
Համաժողովի նպատակը Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջև կապերի ձևավորումն էր, որոնք առաջարկում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը մեծացնող ապրանքներ ու ծառայություններ:
Համաժողովը միտված էր Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը՝ Հայաստանի հանքարդյունահանողներին ներկայացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, իսկ ամերիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնելու տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորագույն տեսականին:
Նախարար Սուրեն Կարայանն իր ողջույնի խոսում նշել է, որ hանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր հենասյուներից է և արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող հատվածը։ Այն էական դեր է խաղում Հայաստանի ողջ տնտեսության զարգացման գործում: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը: Այդ նպատակով կիրառվում է «բաց դռների» քաղաքականություն` բացառելով որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ: Իրականացվում են գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարեփոխումներ: Մշակվել և գործողության մեջ են դրվել զարգացման մի շարք ոլորտային քաղաքականություններ` ուղղված հատկապես արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը, արտաքին շուկաների ընդլայնման», - նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն իր բացման խոսքում ասել է. «Հանքարդյունահանումը, եթե կատարվում է պատասխանատու ու թափանցիկ կերպով և միջազգային բնապահպանական ու սոցիալական ամենաբարձր նորմերին համահունչ, կարող է լինել հաջող և շահավետ ներդրում Հայաստանի ժողովրդի համար: Կենսունակ հանքարդյունահանումը՝ նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների կիրառմամբ, անվտանգ կլինի hանքարդյունաբերության աշխատողների համար ու հնարավորություն կտա ապահովելու Հայաստանի բնության պահպանությունը»: