Նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանի հետ
18 Նոյեմբեր, 2016

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ` քննարկելու հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարները:

Նախարար Կարայանն իր ներածական խոսքում նշել է, որ Իրանի Իսալամական Հանրապետությունը կարևոր տնտեսական գործընկեր է Հայաստանի համար, և հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու երկրների տնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու համար: Նախարարն այս համատեքստում կարևորել է այս տարի Իրանում կայացած հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը: Սուրեն Կարայանը հանդես է եկել համատեղ խմբի միջոցով ցուցահանդեսի շարունակակությունը ապահովելու առաջարկությամբ: Նախարարն առաջարկել է նաև քայլեր ձեռնարկել միջտարածաշրջանային (Հայաստան, Իրան, Վրաստան) զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նախարարին է ներկայացրել այն բոլոր ոլորտները և հնարավորությունները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը: Դեսպանի խոսքով, Հայաստանը կարևոր առևտրային հանգույց է, որ կարող է կապել Իրանը Եվրասական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ: Դեսպանը համագործակցության խթանման տեսանկյունից կարևորել է Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը, օդային հաղորդակցության ակտիվացումը և Իրանում մեծ հայկական համայնքի գործոնը: Դեսպանն իր հերթին առաջարկել է զարկ տալ Հայաստանի և Իրանի միջև միջմարզային համագործակցությանը:

Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել Սեյեդ Քազեմ Սաջադիին արդյունավետ քննարկման համար` հույս հայտնելով, որ նման հանդիպումները կլինեն պարբերական:

+