Օտարերկրյա ներդրողների հետ քննարկվել են Հայաստանի ներդրումային միջավայրի խնդիրները
19 Նոյեմբեր, 2016

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է օտարերկրյա ներդրումներին նվիրված հանդիպում-քննարկում Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ղեկավարների հետ։

Նախարար Սուրեն Կարայանն իր ելույթում նշել է, որ հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ ներդրումային միջավայրի ձևավորման հեռանկարների քննարկումն է: Նման երկխոսությունը թույլ կտա վեր հանել օտարերկրյա ներդրողներին հուզող խնդիրներն ու խոչընդոտները և համապատասխան միջոցառումներ իրականացնել վերջիններիս լուծման ուղղությամբ:

Քննարկման ընթացքում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումները առկա խնդիրների վերաբերյալ, որոնք մասնավորապես վերաբերում են նոր հարկային օրենսգրքին, ոսկերչության ոլորտում լիցենզավորման գործընթացներին, մաքսային մարմինների կողմից իրականացվող աշխատանքների ժամանակատարությանը, շահաբաժինների հարկման խտրականությանը և մի շարք այլ հարցերի:

ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով, կարևոր է պարբերարաբար հանդիպումներ ունենալ գործարար համայնքի հետ, քանի որ կան մի շարք խնդիրներ արտահանման, ներկրման, հարկային դաշտի հետ կապված: Դա կարող է լինել մի հարթակ, որտեղ հնչեն փոխադարձ առաջարկություններ:

+