Հայաստանի և Ռուսաստանի միջև համատեղ նախագծերի Ճանապարհային քարտեզ կմշակվի
22 Նոյեմբեր, 2016

Նոյեմբերի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:

Սուրեն Կարայանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու վարչապետի հետ ավելի վաղ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը: Սուրեն Կարայանի խոսքով, ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ երկու երկրների համար կարող է արդյունաբերության զարգացման լավ ուղղություն դառնալ:

Իր հերթին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը շնորհակալություն է հայտնել Սուրեն Կարայանին հրավերի, ինչպես նաև «Անտրիկոնտրաֆակտ 2016» համաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Դենիս Մանտուրովը ևս խոսել է երրորդ երկրներ արտահանման հնարավորությունների մասին և այս համատեքստում կարևորել գործարարների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի առաջարկությամբ կողմերը պայմանավոևվել են փոքր և միջին ձեռնարկատիրության համատեղ նախագծերի ճանապարհային քարտեզ մշակել:

Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Կարայանն իր գործընկերոջը ներկայացրել և նվիրել է հայկական արտադրության Armphone հեռախոսը:

Օրվա ավարտին հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախարար Դենիս Մանտուրովը գրառում է թողել Ցեղասպանության թանգարանի հուշագրքում:

+