Սուրեն Կարայանը հանդիպել է ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ
25 Նոյեմբեր, 2016

Նոյեմբերի 25-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Քննարկումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ոլորտի քսանից ավելի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք։

Հանդիպման նպատակն էր ոլորտի ներկայացուցիչներից ստանալ լիարժեք տեղեկատվություն առկա խնդիրների մասին և ներկայացնել ոլորտի առաջիկա տարիների զարգացման, նախարարության կողմից մշակված, ծրագրի նախագիծը։

Ադամանդագործության և ոսկերչության ոլորտի 2017-2020թթ․ զարգացման ծրագրով նախատեսված է ապահովել ոլորտի զարգացման շարունակականությունը։

Իր ներածական խոսքում նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ այս ոլորտը Հայաստանի Հանրապետության Նախագահի և Կառավարության ուշադրության կենտրոնում է: Մենք մեծ ներուժ ենք տեսնում այս ոլորտի զարգացման, արտադրանքի արտահանման համար: Կատարվել է որոշակի նախապատրաստական աշխատանք ընթացկարգերի պարզեցման ուղղությամբ, մասնավորապես՝ լիցենզավորման գործընթացում, - ասել է Սուրեն Կարայանը:

Նախարար Կարայանի խնդրանքով հանդիպման մասնակիցները ներկայացրել են ադամանդագործության և ոսկերչության ոլորտում լուծում պահանջող խնդիրները, ակնկալելով դրանց վերաբերյալ պետական գործուն աջակցություն։

Մասնավորապես խնդիրների շարքում արծարծվել է պետական աջակցության և պետության միջնորդության անհրաժեշտությունը միջազգային ցուցահանդեսներին ոլորտի ընկերությունների մասնակցության և նոր շուկաներ մուտք գործելու հարցում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից անմշակ ադամանդի որակյալ հումքի ձեռքբերման, ընկերությունների, հատկապես մայրաքաղաքից դուրս, լեռնային շրջաններում գործող ընկերությունների, ֆինանսական և մի շարք այլ խնդիրների լուծման հարցում։

Լիովին ընդունելով ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, նախարարն առաջարկել է այնուամենայնիվ առավելագույնս օգտագործել եղած հնարավորությունները և ներուժը, արդեն իսկ ստեղծված և գործող գործիքակազմը, որից հետո, անհրաժեշտության դեպքում, համատեղ քննարկել աջակցության նոր մեխանիզմները։

Սուրեն Կարայանը ներկաներին հայտնել է, որ ռուս գործընկերների հետ համագործակցության միջոցով կձգտեն ստանալ հնարավորինս որակյալ և մատչելի հումք, նաև տեղեկացրել, որ բանակցություններ կնթանան Անգոլայից նույնպես ադամանդի հումքի ձեռքբերման ուղղությամբ։

Նախարարը հորդորել է հանդիպման մասնակիցներին մանրամասն ուսումնասիրել իրենց տրամադրված՝ ոլորտի զարգացման ծրագրի նախագիծը և ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրի վերջնական տարբերակի կազմման հարցում։

Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումների միջոցով, համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և հասնել լուրջ հաջողությունների։

Համառոտ տեղեկանք ոլորտի վերաբերյալ

+