Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները
1 Դեկտեմբեր, 2016

Նոյեմբերի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Հարավ-կովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի գլխավորությամբ։

Նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նախարարության անվանափոխությամբ պայմանավորված գործառութային փոփոխությունները և նոր տեսալականը, մասնավորապես` ներդրումային միջավայրի կտրուկ բարելավման, դրանց ինստիտուցիոնալ պաշտպանության և նոր ներդրումների գեներացման հեռանկարները:

ՎԶԵԲ ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց համար առաջնային հետարքրություն ներկայացնող ոլորտները` բարձր տեխնոլոգիաներ, սնունդ և զբոսաշրջություն: Ֆրանսիս Մալիժի խոսքով, ՎԶԵԲ-ը Հայաստանում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ է տեսնում:

Հանդիպման մասնակիցները քննարկել են փոխգործակցության հեռանկարները պետություն-մասնավոր համագործակցության շրջանակի, հակամենաշնորհային քաղաքականության, բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրման շուրջ:

Նախարարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ պատվիրակությանը արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ նախանշված ծրագրերն իրականություն կդառնան:

+