Սուրեն Կարայանին ներկայացվել են թեթև արդյունաբերության ոլորտի խնդիրները
7 Դեկտեմբեր, 2016

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 7-ին հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակների շրջանակում։

Սուրեն Կարայանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և շեշտել, որ թեթև արդյունաբերության ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի Հայաստանում։ Նախարարը նշել է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը և ՓՄՁ ԶԱԿ-ը պատրաստակամ են գործարարներին ներկայացնելու օժանդակության գործիքակազմը թե՛ արտահանման և թե՛ տեղական արտադրության զարգացման համար:

Թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը նշել է, որ ոլորտի ներկայացուցիչները լուրջ ակնկալիքներ ունեն Հայաստանի նոր կառավարությունից` շեշտելով, որ այս ամենամսյա հանդիպումների միջոցով խնդիրների լուծման ուղիներ փնտրելու հույս ունեն:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են կոշկագործության, կաշեգործության, տեքստիլի և այլ ոլորտների խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են մաքսային, վարկային, հումքի ներմուծման, կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերին:

Նախարարը վստահեցրել է, որ նախարարությունը մշտադիտարկման միջոցով հետամուտ է լինելու արտահանման դեպքում ԱԱՀ-ի հետ վերադարձման՝ օրենքով սահմանված ժամկետների պահպանմանը։

Սուրեն Կարայանը և ոլորտի ներկայացուցիչները քննարկել են նաև պետություն-մասնավոր համագործակցության հեռանկարները, ուսումնական կենտրոնի միջոցով կադրերի վերապատրաստման, արտերկրում առևտրային տուն հիմնելու հնարավորության և այլ հարցեր։