Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 17-րդ նիստը
15 Դեկտեմբեր, 2016

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի տասնյոթերորդ նիստը: Նիստի համանախագահներն էին հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով` տնօրեն Լյուկ Դեվինյեն:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերություններին և տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր: Օրակարգում ներառված էին նաև արդարադատության, ազատության,անվտանգության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցության, բազմակողմ համագործակցության ձևաչափի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցեր:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև նոր Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը:

Լրացուցիչ տեղեկատվություն 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը /ԳՀՀ/, որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։ Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ, ռոտացիոն կարգով` Երևանում և Բրյուսելում:

+