Հանդիպում Իրանի մշակույթային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության ներկայացուցիչների հետ
16 Դեկտեմբեր, 2016

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է Իրանի մշակույթային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության ներկայացուցիչներ Ամիր Մեհեդի Թահերի Ֆարդին և Մուհամմադ Աբդուլային:

Հանդիպմանը մասնակցել են նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը և քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետի ժ/պ Ստեփան Փայասլյանը:

Ողջունելով հյուրերին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները միշտ բարձր մակարդակի վրա են եղել, սակայն հարկավոր է ավելի ամրապնդել և զարգացնել դրանք:

Իրանական կողմի ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ իրենց այցի հիմնական նպատակն է ավելի ամրապնդել, ակտիվացնել և զարգացնել առկա հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել զբոսաշրջության բնագավառում առկա համագործակցության ընդլայնմանը, Հայաստան-Իրան համատեղ զբոսաշրջային արդյունքի ձևավորման և համաշխարհային զբոսաշրջային շուկայում միասնական զբոսաշրջային փաթեթով հանդես գալու հնարավորություններին և մի շարք այլ հարցերի:

Կողմերը կարևորել են նաև տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, Հայաստանում և Իրանում կազմակերպվող ցուցահանդեսներին մասնակցությունը, ճանաչողական այցերի կազմակերպումը:

+