Սուրեն Կարայանը Բրյուսելում հանդիպել է առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի հետ
16 Դեկտեմբեր, 2016

Դեկտեմբերի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի անդամ, առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Կարայանը կարևորել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը, որն իրականացվում է երեք բանակցային ուղղություններով՝ քաղաքական, առևտրի և ներդրումների, ինչպես նաև ոլորտային համագործակցության.

- Վերջին երկու օրերին Բրյուսելում տեղի ունեցած առևտրի և ներդրումների ուղղությամբ բանակցությունների հինգերորդ փուլը թույլ է տվել արձանագրել զգալի առաջընթաց բանակցային գործընթացում և տեսանելի դարձնել բանակցությունների ավարտը մոտ ապագայում,-նշել է նա:

ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմն իր հերթին տեղեկացրել է, որ առևտրի և ներդրումների մասով բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում: Հանձնակատարը և նախարարը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնք մտադիր են իրագործել մինչև բանակցային հաջորդ փուլը։

Բանակցվող շրջանակային համաձայնագիրը ՀՀ-ԵՄ հարաբերությունները կտեղափոխի որակական այլ մակարդակ և կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը, ինչպես նաև կսահմանի նոր ուղենիշեր փոխշահավետ համագործակցության համար:

Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Կարայանը ԵՄ հանձնակատարին հրավիրել է այցելել Հայաստան:

+