Տեղի է ունեցել Հայաստան-Իրան գործարար համաժողովը
21 Դեկտեմբեր, 2016

Դեկտեմբերի 21-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որին մասնակցել են շուրջ 170 իրանական և հայկական ընկերություններ: Համաժողովը կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում: Համաժողովի նպատակն էր նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության աշխուժացմանը և ներդրումների ավելացմանը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, և Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել` հնարավորինս զարգացնելու առևտրատնտեսական կապերը: Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանից արտահանման հնարավորությունները դեպի երկու խոշոր շուկաներ՝ ԵՄ և ԵԱՏՄ. «ՀՀ-ն տարածաշրջանում այն միակ երկիրն է, որ բավականին բալանսավորված առևտրային հարաբերություներ ունի խոշոր շուկա ունեցող երկրների միավորումների հետ: ՀՀ-ում արտադրված ապրանքը ազատորեն, առանց մաքսային ձևակերպումների արտահանվում է ԵԱՏՄ մայր անդամ երկրներ»: Նախարարի առաջին տեղակալը նշել է, որ ՀՀ-ն, որպես ԵԱՏՄ անդամ-երկիր, հումքային ապրանքները ՌԴ-ից ներմուծում է զրոյական մաքսատուրքերով: Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանի համար գործող արտոնյալ առևտրային ռեժիմները:

Հայաստան-Իրան գործարար համաժողովի ընթացքում ստորագրվել են համագործակցության 5 հուշագրեր.

♦ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի, Իրանի էներգետիկայի նախարարի խորհրդականի և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի միջև,

♦ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգայի կենտրոնի» և Մուհամադ Հոջաբ Փանահիի միջև,

♦ ԻԻՀ Գիլանի նահանգի «Գործարանների և արտահանման միության» և «Հայաստանի գործատուների հանրապետական միության» միջև,

♦ ԻԻՀ Գիլան նահանգի առևտրի արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի միջև,

♦ ԻԻՀ Գիլանի նահանգի և Արարատի մարզպետարանի միջև:

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել B2B ձևաչափի հանդիպումներ հայ և իրանցի գործարարների միջև: Համաժողովին ներկա են գտնվել Հայաստանի և Իրանի նախագահները` հանդես գալով ելույթներով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է. «Նման համաժողովներն ու ցուցահանդեսները, որոնց թվում ցանկանում եմ հիշատակել հոկտեմբեր ամսին Իրանում կայացած «Հայաստան Էքսպո-2016» ցուցահանդեսը, դարձել են շատ կարևոր հարթակ՝ համախմբելով մեր երկրների պետական ու գործարար հատվածի ներկայացուցիչներին և նրանց հնարավորություն ընձեռելով քննարկելու առկա հիմնախնդիրները, մշակելու մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործուն մեխանիզմներ և ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ»: Նախագահը կոչ է արել իրանական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում` հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: «Մեկ անգամ ևս վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրի պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ` ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում», - ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Համաժողովի աշխատանքներն ամփոփել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարը հայտնել է, որ համագործակցության մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մասնավորապես, գիտելիքահենք` նանոտեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, տեքստիլի, վերամշակող արդյունաբերության, դեղագործության, ոսկերչության, զբոսաշրջության, ֆինանսաբանկային համակարգի և տրանսպորտի ոլորտներում: Նախարարը վերջինս հատկապես կարևորվել է երկկողմ և տարանցիկ տրանսպորտային փոխադրումների գործընթացի ակտիվացման առումով: «Համաժողովը նաև արդյունավետ հարթակ է գործարար համայնքին հուզող խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով: Այս ամենը խոսում է ներդրումային, առևտրային և գործարար բազմաթիվ նոր հնարավորությունների մասին»,-ասել է Սուրեն Կարայանը:

+