Ազատ տնտեսական գոտիներ
հոդված
Կցված Ֆայլեր

Միջգերատեսչական հանձնաժողով

Գործող ազատ տնտեսական գոտիներ

Ազատ տնտեսական գոտում շահագործողներին տրվող թույլտվության ռեեստր

Ազատ տնտեսական գոտիների տեղեկագիր (անգլերենով)

Ազատ տնտեսական գոտիների շնորհանդես (անգլերենով)

Ազատ տնտեսական գոտու շահագործման նախնական հայտ (Форма предварительной заявки)


Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակն է ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել արտահանման ծավալների աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ապահովել կայուն տնտեսական զարգացում:

Ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքն է։

Ավելացված արժեքի հարկից ազատվում են ազատ տնտեսական գոտու կազմակերպչին և ազատ տնտեսական գոտու շահագործողին ծառայությունների մատուցումը, ազատ տնտեսական գոտու տարածքում ապրանքների մատակարարումը, ազատ տնտեսական գոտու շահագործողներն ազատվում են շահութահարկից և գույքահարկից, տրվում են մաքսատուրքի վճարման արտոնություններ:

Ու՞մ կողմից կարող է ստեղծվել ազատ տնտեսական գոտի

• Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ

• մասնավոր նախաձեռնությամբ

Ինչպե՞ս դառնալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրությունը և պայմանագրի կնքումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

1) ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելուց հետո լիազոր մարմինն իրականացնում է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` կիրառելով գնման մրցակցային երկխոսության ձևը.

2) կազմակերպիչն ընտրվում է հայտի գնահատման արդյունքում` կիրառելով կարգի IV գլխում նշված գնահատման չափանիշները.

3) ընտրության արդյունքները լիազոր մարմինն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման.

4) ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս լիազոր մարմնի, ընտրված կազմակերպության հետ կնքում է ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր:

Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտու ստեղծումը, կազմակերպչի ընտրությունն ու պայմանագրի կնքումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

1) մասնավոր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար նախաձեռնողը հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

2) հայտն իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը`

ա. դիմում,

բ. կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները,

գ. ազատ տնտեսական գոտու նկարագիրը, ստեղծման նպատակը, գործունեության հիմնական ուղղությունները,

դ. գտնվելու վայրը, տարածքի հատակագիծը, տարածքում շինությունների առկայության դեպքում նաև շինությունների նախագիծը,

ե. գործարար ծրագիրը, որը պետք է համապատասխանի կարգի IV գլխում նշված չափանիշներին.

3) մասնավոր կազմակերպության ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտի գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտը փոխանցում է հանձնաժողովին.

4) հանձնաժողովը 20 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է հայտով ներկայացված փաստաթղթերը` համաձայն կարգով սահմանված հայտի գնահատման չափանիշների և ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում է ազատ տնտեսական գոտի ստեղծելու և մասնավոր կազմակերպության ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու նպատակահարմարության հարցը, որի արդյունքում ընդունվում է հայտը բավարարելու կամ մերժելու մասին որոշում.

6) լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է նախաձեռնողին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ.

7) ազատ տնտեսական գոտի ստեղծելու և ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս լիազոր մարմնի, նախաձեռնողի հետ կնքում է ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր:

Հայտի գնահատման չափանիշներն են`

1) պոտենցիալ յուրաքանչյուր շահագործողի գործունեության համապատասխանությունն ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակին.

2) կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները.

3) ներդրումների չափը, ուղղվածությունը և ժամկետները, այդ թվում` նաև ներդրումների ձևերը` ֆինանսական և գույքային.

4) օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխանությունը, այդ թվում` ճարտարապետաշինարարական նախագիծ (այսուհետ նախագիծ) և վիզուալ մակետ, կամ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների չպահպանման համար անհրաժեշտ հիմնավորումների ապահովում.

5) ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչման և բրենդի տարածմանն ուղղված միջոցառումները, այդ թվում` մարքեթինգային պայմանագրերի առկայություն, ազատ տնտեսական գոտում միջազգային բրենդների և այլ շահագործողների ներգրավման և ազատ տնտեսական գոտում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արտահանման աջակցմանն ուղղված աշխատանքները և ակնկալվող արդյունքները.

6) ազատ տնտեսական գոտիների կազմակերպման բնագավառում փորձը (կդիտարկվի որպես առավելություն).

7) կազմակերպչի և պետության պարտականությունների բաշխումը և կողմերի մասնակցության հարաբերակցությունը.

8) ազատ տնտեսական գոտու ստեղծման անհրաժեշտության հիմնավորվածությունը (միայն մասնավոր նախաձեռնության դեպքում).

9) բնապահպանական ազդեցության գնահատականը.

10) կազմակերպչի կողմից ստեղծվելիք աշխատատեղերի քանակը և միջին աշխատավարձի չափը:

Ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկ

Ո՞վ է համարվում ազատ տնտեսական գոտու շահագործող

Ազատ տնտեսական գոտու շահագործող են համարվում կարգին համապատասխան թույլտվություն ստացած և կազմակերպչի հետ պայմանագիր կնքած` Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը և օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունը:

Ինչպե՞ս դառնալ ազատ տնտեսական գոտու շահագործող

Լիազոր մարմին (ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) ներկայացվում է հայտ, որն իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը`

1) դիմում (համաձայն ձևի).

2) գործարար ծրագիր, որը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2011թ. հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման կարգի IV գլխում ներկայացված չափանիշներին.

3) կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկանք ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

Շահագործողի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկ

Ինչքա՞ն ժամանակ է պահանջվում ազատ տնտեսական գոտու շահագործող դառնալու համար

Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը՝ ելնելով կարգով սահմանված չափանիշներից, և ներկայացնում են հայտի վերաբերյալ գնահատական:

Հանձնաժողովի գնահատած հայտը և համապատասխան եզրակացությունը լիազոր մարմնի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման, ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը եզրակացությունն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում թույլտվություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ։

Դիմումը մերժելու հիմք է հայտի` ՀՀ կառավարության 2011թ. հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման կարգով սահմանված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը:

Թույլտվությունը տրամադրելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հայտատուն և կազմակերպիչը կնքում են պայմանագիր:

Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտիների ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչությունը, Հեռ.` (+374 11) 59 71 27 Էլ.-փոստ` investment@mineconomy.am