Քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ գործակցության հնարավորությունները
17 Հունվար, 2017

Հունվարի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և Հայաստանի Հանրապետության գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիքերսին:

Հանդիպման սկզբում նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ հետ համագործակցությունը` որպես մասնավոր հատվածի զարգացման գործում Հայաստանի համար առանցքային գործընկեր:

Ս.Կարայանը ներկայացրել է ՀՀ կառավարություն ներկայիս առաջնահերթությունները, այդ թվում` գործարար միջավայրի բարելավում, ներդրումների խրախուսում ու պաշտպանություն, մասնավոր հատվածի զարգացում: Ներդրումային միջավայրի բարելավման համատեքստում քննարկվել է բիզնես հաշտարարի գրասենյակի հիմնման հարցը, որպես գործարար միջավայրի զարգացման և ներդրողների պաշտպանություն համար առանցքային դեր ունեցող կառույց: «ՀՀ կառավարության կողմից ակտիվ քաղաքականություն է իրականացվում ներդրումների ներգրավման ուղղությամբ. ստեղծվել է ներդրումային ծրագրերի հարթակ ներդրումային ծրագրերի համաքագրման և առկա ներուժի արդյունավետ օգտագործման նպատակով, ինչպես նաև աշխատանքներ են իրականացվում ներդրումային հիմնադրամի հիմնման ուղղությամբ»-, նշել է նախարարը` ավելացնելով, «Արդեն իսկ գործունեությունն է ծավալում «Հայաստանի Իրավազորության» ծրագրի խորհուրդը, որը նախարարության հետ միասին փորձելու է բացահայտել թե ինչ փոփոխություններ և ինչ իրավազորություն պետք է Հայաստանում սահմանել, որ այն լինի առավել գրավիչ»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր գործընկերության կարևորությանը:

Ֆրանս Վիքերսը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և պատրաստակամություն հայտնել շարունակել և ավելի խորացնել ՎԶԵԲ-Հայաստան արդյունավետ համագործակցությունը:

Վիքերսը ողջունելի է համարել ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի ու մասնավոր հատվածի բարելավմանը, ներդրումների խթանմանն ուղղված քայլերը և առաջարկել շարունակել երկխոսությունը` այս համատեքստում ՎԶԵԲ հետ համագործակցության ուղղությունները ընդլայնելու նպատակով:

+