ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորությամբ հունվարի 18-ին տեղի է ունեցել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը: Տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը խորհրդի անդամներին է ներկայացրել Մարմնի կատարած աշխատանքների 2016 թվականի հաշվետվությունը:
Լևոն Խալիկյանն իր խոսքում նշել է, որ նկատի ունենալով ՀՀ վարչապետի հանձնարարականն առ այն, որ Տեսչական մարմինները տնտեսվարող սուբյեկտների տեսանկյունից պետք է դիտվեն որպես աջակցող և խորհուրդ տվող, այլ ոչ թե պատժող պետական մարմիններ՝ կազմակերպել են թվով 7 հանդիպումներ տնտեսվարող սուբյեկտների հետ, մասնավորապես՝ կազմակերպվել են հանդիպումներ Կապանում, Գորիսում և Երևանում, որին ներկա էին լվացող և մաքրող միջոցներ օծանելիքի և կոսմետիկական, խաղալիքներ արտադրող և ներմուծող, ԱԳԼՃԿ-ներ շահագործող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը նշել է, որ կառույցի թեժ գիծ են ստացվել մի շարք հեռախոսազանգեր ոչ պարենային ապրանքների վերաբերյալ, որոնցից մի մասը ուղղորդվել են այլ պետական մարմիններ, մի մասի հաղորդումներն ընդունվել է ի գիտություն, իսկ մնացածին տրվել է խորհրդատվություն:
Հաշվետու ժամակահատվածում Տեսչական մարմինը կատարել է վերջինիս վերապահված այլ գործառույթներ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Կառավարման խորհրդի նախագահ Սուրեն Կարայանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում` սեղմ ժամկետում ՀՀ արդարադատության նախարարության, Տեսչական բարեփոխումների համակարգման խմբի հետ կազմել աշխատանքային խումբ` ուսումնասիրելու և ներկայացնելու տեսչական ստուգումներ իրականացնելու իրավական հիմքերը: